ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ

Տեսնել բոլորը

Էքզյուպերիի իշխանը

 

 

Երբևէ մտքովս էլ չէր անցնի, որ մի օր կհանդիպեմ Փոքրիկ իշխանին: Շուրջբոլորս կպտտվեն բոլոր այն էակները, որոնց նա ընտելացրել է… ու չի լքել: Նա էլ կպատմի հեքիաթային անքուն գիշերների ու ժպտերես ցերեկների մասին: Շների հանդեպ անարդար վախս էլ կբուժի մի քանի րոպեում:

 


Արթուրի ընտրած մասնագիտությունը հանքափորի աշխատանքի է նման. նա աշխատում է այն երեխաների հետ, որոնք մեր հին ու չարչրկված իրականության մեջ ունեն սեփական աշխարհը: Նա կարծես առաջ է գնում այդ երեխաների մտքի հանքերով, իր հավատի լամպով դանդաղ ու շատ զգույշ փնտրում է անգին գանձ՝ թաքնված այդ երեխաների մտքերի ու հոգիների հեռուներում: Իր մասնագիտության հանդեպ հավատով ու ավյունով լցված պատմում է, թե ինչպես, օրինակ, կարողացավ մի կամակոր փոքրիկ աղջնակի սովորեցնել կիսվել. կիսվել իր ունեցածով, իր մտքերով, իր հույզերով: Կամ էլ ժամեր շարունակ կարող է շրջել վեցերորդ դասարանի լռությունը նախընտրող իր աշակերտի հետ ու չհանձնվել, մինչև որ սիրելի սանը մի քանի բառով կարձագանքի իրեն: «Ի՞նչ է նորման. այն, ինչին մենք ամենից հաճախ հանդիպում ենք, մեզ համար դառնում է նորմա»,- նշում է Արթուրը: Երեխաները պետք է ավելի շատ շփվեն և առնչվեն իրենցից մի քիչ տարբերվող, բայց նույն իրավունքներն ունեցող հասակակիցների հետ: Արթուրի համար կարևոր չէ միայն երեխաների հետ աշխատելը, նա անհրաժեշտ է համարում ուսուցչի շփումը նաև ծնողների հետ. չէ՞ որ երեխաները գալիս են տնից ու գնում են տուն, և ամենաարժեքավոր գնահատականը նրանց համար ծնողի ըմբռնող ու համբերատար վերաբերմունքն է: Նա էլ երեխաների հետ իր ուղիղ աշխատանքից զատ առանձին հանդիպումներ է ունենում ծնողների հետ, մշակում է առանձնահատուկ երեխաների ու նրանց ծնողների շփման նոր ուղիներ: Առայժմ քչերն են արձագանքում, բայց մանկավարժն ուրախությամբ է նշում նույնիսկ հազվադեպ հանդիպումների դրական արդյունքը,- «… մեր ծնողների շրջանում ծայրահեղությունից ծայրահեղություն է. կա՛մ գերխնամք է, կա՛մ թերի խնամք»:

 

 

 


Դպրոցի պարպող աշխատանքից հետո տանը սպասում են Ցերբերը, Դաչին, Վոլֆը: Երբ դպրոցական էր, մի անմար երազանք ուներ. շուն ունենալ: Եվ երբ վերադարձավ բանակից, հավաքած գումարով նոր վերարկուի փոխարեն տուն բերեց կաթնագույն, գանգրահեր Դաչիին: Շնիկը մաշկային հիվանդություն ուներ: Ինքը նոր զորացրված, հնարավորություններն էլ քիչ, բայց անհրաժեշտ էր բուժել Դաչիին: Անասնաբույժից մի քանի կարևոր խորհուրդ ստանալով՝ սկսեց շանն ապաքինելու առաքելությունը և այնքան հմտացավ, որ ինքնուրույն բուժեց սիրելի շնիկին: Դաչին դարձավ նրա առաջին բուժած հիվանդը, բայց ո՛չ վերջինը: Հիմա Արթուրն ունի հիվանդներ և առողջությունից բողոքող ազնվագույն կենդանիներին բուժում է զանազան հիվանդություններից: Դաչին էլ իր հերթին դարմանողի ի՛ր դերն է ունեցել: Նա աշխատել է երեխաների հետ, և երեխաները շնորհակալ են եղել՝ մի քիչ ավելի լայն ժպտալով, մի քիչ ավելի շատ կիսվելով, ավելի քիչ վախենալով այս աշխարհից… Շները Արթուրի կեցության մի մեծ մասն են, իր մանկության երազանքների ցանկում իրականություն դարձած եզակիներից, նրա վարդը, աղվեսը, օձը…

 


Պատանի էր ու գրում էր պատմվածքներ, նկարում աստվածաշնչյան թեմաներով: Երազում էր դաշնամուր կամ ջութակ նվագել… բժիշկ դառնալ: Բայց մեծերի հետ բարդ է, մեծերը թվաբանությամբ ու հաշիվներով են ապրում, և այդ ժամանակից նրա չիրականացած երազների անշոշափ ցանկը դարձավ նրա ուղեկիցը: Մի օր մատուցող, մի օր բարմեն, մի օր գանձապահ, բանակում՝ խոհարար, հոր արհեստանոցում՝ բանվոր, հիմա էլ պատրաստվում է դասախոսական աշխատանքի:


Արթուրը չի դատապարտում ոչ մեկին. նրա համար անսխալականներ չկան, և նույնիսկ «ինքնասպան ահաբեկիչն արդարացվելու իր անժխտելի իրավունքն ունի»:


Կեսգիշերին նարնջագույն լամպերով ճանապարհն Արթուրին տանում է օդանավակայան: Մետաղյա թռչունների գունավոր այս բույնը նրա անթիվ մոլորակներից մեկն է: Գիշերային հերթափոխն առանձնահատուկ է. գիշերը հանգիստ չտվող ղեկավարներ չկան, զիգզագում հերթի սպասող ուղևորներն ավելի զգայուն են, ինքն էլ՝ ավելի աներկյուղ: Օդանավակայանում ազատ րոպեների ու վայրկյանների միջանցքում մտածում է իր բաժին ցերեկվա մասին, չիրականցած երազների մասին, ափսոսանքով է մտածում, հույսով է մտածում, հետո նայում է մետաղյա թռչունից դուրս եկող նորեկին, ժպտում իր հուսաբեր ժպիտով և բարի գալուստ մաղթում:


Արթուրը Էքզյուպերիի իշխանն է, որի համար մանկական մի ժպիտն էլ թռիչք է դեպի երկինք…