ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ

Տեսնել բոլորը

Ջերմ ու տարերային արևելցին

 

 

«Ինձ համար հայ մարդու հիբրիդային դարձած հարաբերությունները այլևս անընդունելի են», - վառում է ծխախոտն ու մտահոգվում: Ինքն իրեն արևելցի համարող Արմեն Հովասափյանը նույն աշխարհագրական դիրքին հատուկ տաք, ջերմ ու կոլորիտային է…Չնայած որ քաղաքական հարաբերությունների քաջ գիտակ է, բայց պահպանողական է, և հենց այդ հատկանիշն է տեսնում որպես ժողովրդի հենակետ ու հիմք: Սրտացավ է, որ հային՝ «…ակադեմիական մտածողություն ունեցող անձին, դարձրին կենցաղային մտածող, իր ունակություններին չհավատացող», հետո մտահոգվում,- «… սա գերազգային խնդիր է»:

 

Ասում է, որ մեր անմիաբանությունը մեր ազգային ողբերգությունն է, հետո մտաբերում, որ հրեան հրեային հրաժեշտ տալիս ասում է «Կհանդիպենք Երուսաղեմում»…, ու մտածում ես, իսկ որտե՞ղ է միաբանության սահմանագիծը… «Պատկերացնու՞մ ես՝ մի օր արթնացել ես, ու Թուրքիան ճանաչել է ցեղասպանությունը: Ի՞նչ հավատ կունենանք մենք այդ ժամանակ: Դա կլինի դիվանագիտական մատ»: Թեև իր մասնագիտությունը կախված է բազում ֆորմալ ու արարողակարգային պայմանականություններերից, Արմենը դիտարկում է այն նաև հոգևոր տեսանկյունից: Ասում է, որ Հալեպի անմահ թվացող շուկայի ոչնչացումը միջմարդկային ու միջազգային հարաբերությունների ոչնչացում է, որովհետև շուկան իրենով մարդկային հարաբերությունների կետ է:


Թերթերի հոդվածներում վարդագույնով նշված հատվածները, որ ամբողջությամբ զատում ու զտում են նյութը, նրա ամենօրյա աշխատանքն է: Ամեն առավոտ Արմենն առաջիններից է տեղեկանում, թե ինչ է կատարվել վերջին մի քանի ժամերի ընթացքում և ինչ պետք է սպասել գալիք օրվանից: Հետո կլինի սեփական մասնագիտական վերլուծությունը: Գրասենյակն ու ստեղնաշարին Արմենի ռիթմիկ հարվածները, որ երբեմն իրենց կուլմինացիային են հասնում ավելի ուժգին ու եռանդուն զարկերով, մտքի երգեհոն են ստեղծում: Այստեղ նրա միտքը նվագում է նորությունների ու վերլուծության ծանրկեկ մեղեդին: Եվ ավելի ուշ ընթերցողին կհասնի Ադրբեջանի SOCAR ընկերության մասին վերլուծականը, կամ պարզ կդառնա, թե որն է այդ երկրի թիվ մեկ նավթային գնորդը, ու մեկ էլ այդ միջոցին կհանդիպես լոռեցու սուր ու անպարտելի հումորին:
Կարծես ուշացած, բայց յուրովի Արմենը որոշել է շնորհակալ լինել բոլոր բարերարներին: «Եթե չլիներ Մանթաշյանցը, չէր լինի Կոմիտասը և Ֆիլհարմոնիայի փոքր համերգասրահը, և Անիի պարսպի քարերը չէին հասնի Երևան՝ դառնալով Պատկերասրահի սյուների հիմնաքարեր, ու Արամաշեն գյուղն էլ, որ առաջինն էր իր տեսակով՝ նախատեսված փախստականների համար, գոյություն չէր ունենա, եթե չլիներ Արամյանցի բարիք կատարելու եզակի շնորքը», - ասում է Արմենը: Ինքն էլ նախաձեռնել է բարեգործ հայերից մեկի՝ Միքայել Արամյանցի՝ Լոռիում գտնվող գոթական դղյակը վերականգնել, նոր շունչ տալ դրան ու դարձնել բոլոր հայտնի ու ծպտյալ բարեգործների գործունեությունն ուսումնասիրելու լաբորատորիա: Թանգարան դարձած դղյակը կունենա հետազոտական կենտրոն, որը կզբաղվի բարերարների անձնական իրերի ուսումնասիրությամբ, հանդիպումներ կլինեն նրանց ժառանգների հետ, իսկ արդեն այս ամռանը կանցնեն Շալյապինի արվեստին նվիրված երաժշտական բաց երեկոներ. մաքուր, լեռնական օդը ճաշակելով՝ մարդիկ կվայելեն բնությանը ձուլվող երիտասարդական նվագախմբի երաժշտությունը: Վերականգնողական աշխատանքներն արդեն սկսված են, հեքիաթային դղյակը վստահելի ձեռքերում է, ու Արամյանցի «Դոմ օտդուխը», ինչպես կասեին հին լոռեցիները, կապրի նոր ու եռանդուն կյանքով:

 


Լոռին նրա մեջ է: Շուտով կավարտի Օձունի ակունքների, ծագումնաբանության, լեգենդների ու ստեղծագործ մարդկանց մասին հավաքական գիրքը: Ավարտին է մոտենում նաև գեղարվեստական կենսագրական վեպը: Սա հայ մարդու ճակատագրի պատմություն է, որ «կարճահասակ դահիճների» ու «աշխատած չեկիստների» թեթև ձեռքով դարձել է ռեպրեսիաների զոհ: «Լքված լեգիոները» (այսպես է կոչվում երկը) հագեցած է ներքին հոգեբանական պայքարով, չունի ժամանակային սահմանափակում, և ընթերցողը պետք է կարողանա դուրս գալ ժամանակային լաբիրինթից:
Արմենի համար իր ծննդավայրն անփոխարինելի է, ու թեև հիմա ստիպված է դրանից հեռու ապրել, բայց միևնույն է, փորձում է պաշտպանել լեռնցուն իր մեջ՝ օրվա ընթացքում բարբառով խոսելով, փոքրիկ դրվագներ պատմելով, իր որդիներին ավելի հաճախ ծննդավայր տանելով: Անկասկած հենց այս պահին էլ, հենց այս վայրկյանին նա կնախընտրեր Օձունի բարձունքից հետևել մայր մտնող արևին, ականջ դնել Դեբեդի խշշոցին ու աշխարհին հետևել հենց այդ դիտակետից:

 

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան
Հանրային դիվանագիտության շրջանավարտ